hetaxuyzlratvakan

четверг, 28 мая 2020 г.

🇦🇲 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Համբարձում Մաթևոսյան
🇦🇲 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
—————————

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակներն Արևելյան Հայաստանը փրկեցին բնաջնջումից: Քանզի բոլորի համար պարզ էր, որ արևելահայության համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

Սակայն այս անգամ չարագործ թշնամին ձախողեց հայության մի ամբողջ սերնդի` հայ ռազմիկների, քաղաքական գործիչների, շինականների, հոգևորականների ու  մտավորականների միաբռունցք պայքարի արդյունքում: Եվ հենց նրանց հավաքական ուժի շնորհիվ 1918 թվականի մայիսի 28-ը դարձավ  մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի անկյունաքարը:

Այս հաղթանակով հայ ժողովուրդի ամենահերոսական և հաղթական սերունդը  վաստակեց հայրենի հողում ապրելու և իր քաղաքական ապագան հարթելու  իրավունքը: Իսկ այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհաջողվեց մայիսի 28-ին վերածնված Հայաստանին, պարտավոր ենք իրականացնելու մենք` 1992-ի սեպտեմբերի 21-ին ազատության ու անկախության նոր ծնունդ առած Հայաստանի քաղաքացիներս:

Կրկին շնորհավորելով բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ` ցանկանում եմ, որ մեր ամենօրյա գործունեությամբ և պատվախնդրությամբ արժանին մատուցենք մեր հաղթանակները կերտած պապերին, հայրերին ու եղբայրներին: Տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք եմ մաղթում բոլորիս:

Փառք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի:

Комментариев нет:

Отправить комментарий