Ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իմ վիճակով. Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
Թեստն արվել է մայիսի 20-ին, երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»,- ասում է Ի. Պետրոսյանը:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիվանդներն այսուհետ պետք է մնան տներում, եւ նրանց պետք է հետեւեն պոլիկլինիկաները: «Այստեղ ոչ մի բանից տեղյակ չեն, և ինձ այսօր պոլիկլինիկա են կանչել անալիզներ հանձնելու համար»,- հայտնեց Ինեսսան: Նա զարմացած է այդ առաջարկից եւ հրաժարվել է պոլիկլինիկա գնալ: Իր գնալը ճիշտ չի համարում հատկապես այն պատճառով, որ դրանով ռիսկ է ստեղծում պոլիկլինիկա այցելած քաղաքացիների, նաեւ՝ բուժանձնակազմի համար, քանի որ նրանք պաշտպանիչ արտահագուստ չունեն:
Փաստաբանի տպավորությամբ՝ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին եւ չափազանց շփոթված վիճակում են: Ոչ ոք իր անելիքը չգիտի, նրանց չեն նախապատրաստել:
Ինեսսան իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է համարում: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ասում է՝ ոչ ոք չէր կասկածում, որ վարակված է և հրաժարվում էին թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել այդ ընթացքում, մայիսի 20-ի առավոտյան ջերմություն է ունեցել եւ դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Կրկին հետազոտեցին եւ ասացին, թե ոչինչ չկա: Մեկ այլ բուժհաստատությունում առաջարկել են թեստ հանձնել: Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»,- պատմում է Ինեսսան:
Նա խնդրել է թեստավորել նաեւ իր տարեց ծնողներին, քանի որ այդ օրերին իր կողքին են եղել, մայրը խնամել է իրեն, սակայն հրաժարվել են:
Ինեսսան ասում է, որ հիվանդանոցներում հրաժարվում էին համակարգչային տոմոգրաֆիայով թոքերը նկարել, երբ նույնիսկ հայտնել է, որ ինքն է վճարում դրա համար: Այն դեպքում, երբ հայտնել է, որ իր մոտ կորոնովիրուս է հայտնաբերվել և անհրաժեշտ է ստուգել թոքերը:
«Արդեն 18 օր է, ինչ պառկած եմ տանը, եւ ոչ ոք չի հետաքրքրվել իմ վիճակով: Ինձ մոտ անոթային խնդիրներ հայտնաբերվեցին, բայց մինչ օրս այդ հետազոտության արդյունքները ոչ ոք չի վերլուծել: Ես չգիտեմ՝ դա վիրուսի արդյունքում է եղել, թե այլ խնդիրներ ունեմ: Մեկը չլինի՞, որ գնահատի իմ վիճակը, հնարավոր է, որ ես շատ բան ճիշտ չեմ կարողանում ներկայացնել»,- հարցնում է փաստաբանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նամակով տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է գտնվում է անօգնական վիճակում, բուժվելու խորհուրդները ծանոթներից է ստանում: Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իր վիճակով: Նախարարը պատասխանել է. «Հարգելի քաղաքացի, ձեր հարցին պատասխան ստանալու համար կարող եք զանգահարել թեժ գիծ»:
Комментариев нет:
Отправить комментарий