<<ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԻ>> ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Բազմաթիվ օգտատերեր խնդրում են պարզաբանել, թե կորոնովիրուսի տարածման վտանգը կարող է արդյոք հանգեցնել հանրաքվեի չեղարկմանը և որոնք են դրա իրավակարգավորումներ։
Հաշվի առնելով դիմողների մեծաքանակությունը և նրանց անհատական նամակով պատասխանելու անհնարինությունը, որոշեցի հասարակության հետաքրքրող հարցին պատասխանել հրապարակման տեսքով։
Իմ համեստ կարծիքով կարծում եմ, որ <<կորոնավիրուսի>> համաճարակի տարածման, կամ նման իրական վտանգի դեպքում, ինչը այսօր առկա է, կառավարությունը պարտավոր է երկրում, կամ դրա առանձին մի հատվածում, որտեղ որ կլինի համաճարակի էպիկենտրոնը հայտարարել արտակարգ իրավիճակ։
Ինչ է իրենից ներկայացնում արտակարգ իրավիճակը ամրագրված է <<ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> օրենքի 1-ին հոդվածում,
<<արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման>>։
Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը նման դեպքում արտակարգ իրավիճակ է համարում, ոչ միայն արդեն իսկ առկա համաճարակը, այլ նաև դրա իրական առաջացման վտանգը և այդ պատճառով էլ օրենքում օգտագործված է <<կարող է հանգեցնել մարդկային զոհերի>> արտահայտությունը։
<<ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ>> օրենքի 1-ին հոդվածը սահմանում է << արտակարգ դրություն>> հասկացողության իմաստը։
1. <<Արտակարգ դրությունը>> Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:
Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը, որպես արտակարգ դրության հայտարարման հիմք նախատեսել է նաև <<արտակարգ իրավիճակի>> առկայությունը։
Քննարկվող դեպքում կոնավիրուսի համաճարակը կարող է հանգեցնել մարդկային զոհերի և բնականաբար հիմք է այն դիտարկել, որպես <<արտակարգ իրավիճակ>> և այդ հիմքով հանրապետությունում, կամ համաճարակի տարածման հավանական ռիսկային շրջանում <<արտակարգ դրություն>> հայտարարելու համար։
ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է՝
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
<<Հանրաքվեի մասին>> օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ արգելված է անցկացնել հանրաքվե։
1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:
2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վթերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:
Ինչպես տեսնում ենք, սույն հոդվածից, <<արտակարգ դրության>> հայտարարումը երկրում, կամ դրա առանձին շրջանում, ավտոմատ կերպով արգելում է հանրաքվեի իրականացումը։
Իսկ <<արտակարգ դրություն>> կարող է հայտարարվել նաև <<արտակարգ իրավիճակի>> ՝ համաճարակի կամ դրա իրական վտանգի առկայության դեպքում նույնպես։
Բացի այդ հարկ է ուշադրություն դարձնել սույն հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, որը հստակ սահմանում է, թե որ դեպքում է հանրաքվեն կասեցվում և վերսկսվում <<արտակարգ դրության>> վերացումից հետո։
Ըստ վերլուծվող հոդվածի եթե <<արտակարգ դրությունը>> հայտարարվել է ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումը ընդունելուց հետո, բայց մինչև ՀՀ Նախագահի կողմից այն ստորագրելը և հանրաքվեի անցկացման օրը նշանակելը, ապա հանրաքվեն կասեցվում է, մնացած բոլոր դեպքերում այն չեղարկվում է։
Մեր դեպքում, ՀՀ նախագահը որոշումը ստորագրել է և նշանակել է հանրաքվեի անցկացման օր, ինչը նշանակում է, որ եթե <<կորոնովիրուսի>> համաճարակը տարածվի Հայաստանում, կամ դրա տարածման վտանգը լինի իրական և այդ փաստը գնահատվի որպես արտակարգ իրավիճակ, որի հետևանքով էլ հայտարարվի <<արտակարգ դրություն>>, դիցուք ՀՀ սահմանային անցակետերում, ապա վերը նշված հիմնավորումներով հանրաքվեի անցկացումը ոչ թե կկասեցվի, այլ կչեղարկվի։
<<Արտակարգ դրություն>> դրա հիմքերի առկայության դեպքում հայտարարում է ՀՀ Կառավարությունը, որի հայտարարման կարգը սահմանված է <<ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ>> օրենքով։
Ամփոփեմ ՝
Կորոնավիրուսի համաճարակի տարածման, կամ դրա տարածման իրական սպառնալիքի առկայության դեպքում ՀՀ Կառավարությունը իրավասու է երկրում, կամ առանձին շրջանում հայտարարել <<արտակարգ դրություն>>, որն էլ իր հերթին օրենքի ուժով կչեղարկի հանրաքվեն։
Հարգանքներով ՝
Արտակ Գալստյան
Комментариев нет:
Отправить комментарий