17-03-2020 10:27:38 | Հայաստան
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ՊԱԶ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկակակն կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարները։ Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Комментариев нет:
Отправить комментарий