Անհամբեր սպասելու եմ, որ պարետատունն ապացուցի, որ այս օրենքի ընդունումը էապես փոխել է վիճակը' վարակակիրները շատ արագ ու 100 տոկոսով մեկուսացվում են, ու դա արտացոլված կլինի ամեն օր հրապարակվող թվերում։
Ես չեմ վիճի, որ ներկայում կա նրանց հայտնաբերելու դժվարություն։ Ու այդ դժվարությունները կարող են լինել օբյեկտիվ ու սուբյեկտիվ' պետական կառույցների անվավարար կարողություններից մինչև ժողովրդի մի փոքր հատվածի անկարգապահությունը։
Բայց ես գտնում եմ, որ այդ խնդիրը լուծելու այլ ուղիներ կային, այդ թվում' հանրության հետ իշխանության բացառիկ էֆեկտիվ ու բարելավված հաղորդակցությունը' ամենօրյա ճշգրիտ, գիտականորեն հիմնավորված լավատեսական/սթափեցնող ուղերձներով, որպեսզի մարդիկ գիտակցված պահեն կարանտինի խստությունը, ինչպես Թավշյա հեղափոխության օրերին էին Փաշինյանի կոչով ժամացույցի ճշգրտությամբ փակում-բացում փողոցները, ոստիկանության, ուժային այլ կառույցների ավելի էֆեկտիվ ներգրավումը կարանտինի խստությունը պահպանելու, վարակակիրներին հայտնաբերելու գործում, առավել խոցելի խավերի արագ հայտնաբերումը, նրանց նվազագույն կարիքների բավարարումը, որպեսզի մարդիկ գաղտագողի չխախտեն կարանտինի կանոնները։ Ու այսպես շարունակ...
Գնացինք այլ ճանապարհով. մնում է տեսնել որդեգրվող կարգավորումների արդյունավետությունը։
Ու մեկ էլ' նման օրենքներ մշակելիս ու ընդունելիս հիշեք, որ երկրում կա քաղհասարակությունը, որի հետ կարելի է կապվել սկայպով ու այլ հեռավար միջոցներով։ Դրանից միայն կշահեք։ Այժմ դուք այս կարգավորումների պատասխանատվությունը միանձնյա եք կրում, այն դեպքում երբ կարող էր հավաքական լինել ու համերաշխությամբ։
Ի վերջո բոլորս գիտենք, որ մենք մեր գեոլոկացիայի, հեռախոսի ու այլ տվյալների մուտք տալիս ենք ամենավստահելիից մինչև ամենակասկածելի ընկերությունների' տաքսիներից մինչև առցանց գնումներ, տարատեսակ ափլիքեյշնների։ Ու խնդիրն այստեղ ամենևին կամ ոչ այնքան պետությանն էլ նման մուտքի թույլտվություն տալը է, որքան այն, թե արդյոք այս կարգավորումները լավագույն ուղին էին։
Չնայած ամենին, կցանկանամ, որ պարետատունը ճիշտ լինի, ոչ թե մենք։ Ես խոստանում եմ այդ դեպքում ասել' իշխանությունը ճիշտ էր, ես' սխալ։
Комментариев нет:
Отправить комментарий