Բաց նամակ Արդարադատության Նախարար` Ռուստամ Բադասյանին և ՀՀ Վարչապետ`#nikolpashinyan/նիկոլփաշինյան
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կռիվ էր եղել նախկին գյուղապետի և ներկայիս գյուղապետի համախոհների միջև։
Նախկին գյուղապետի եղբոր տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը, իսկ Հրայր Պողոսյանին էլ կալանավորեցին, այսպես ասած, գյուղում բալանսը պահելու համար, ուղղակի, որ երկու կողմից էլ կալանավորված անձ լինի ու գյուղը հանդարտվի։
Հրայր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Հրայր Վարդևանի Պողոսյանը կալանքի տակ է գտնվում 03.01.2020թ.-ից միանգամայն անհիմն և անօրինական կարգով։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Վ. Խալաթյանի, 31.03.2020թ.-ին թիվ ԱՐԴ1/0002/06/20 որոշմամբ մերժեց Հրայր Պողոսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Որոշմամբ նշվել է, որ այն հանգամանքները, որ Հրայր Պողոսյանը բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքին ունի երեք մանկահասակ երեխա, նախկինում դատված չի եղել, բավարար չեն դատարանի համար փաստելու, որ նա կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմնից: Դատարանը նշված որոշումով բացարձակապես չի անդրադարձել այն հանգամանքին, որ Հ. Պողոսյանի մանկահասակ երեխային անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն, որ 72 ժամը լրանալու հիմքով Հ. Պողոսյանը, գտնվելով ազատության մեջ, պատշաճ ներկայացել է դատական նիստերին, ազատորեն շփվել է բոլորի հետ, որ պաշտպանները ներկայացրել են համապատասխան բժշկական փաստաթուղթ այն մասին, որ ենթադրյալ տուժողի վրա դեպքի օրը բացակայել է վերջինիս կողմից նշված վնասվածքները, որ Հ. Պողոսյանի նկատմամբ նախկինում նույն հոդվածով առաջադրված մեղադրանքի արդյունքում գործը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, այն է՝ արդարացման հիմքով, հաշվի չառնելով, որ նախկին՝ կարճված գործով նույն անձանց ցուցմունքների հիման վրա էր կալանավորվել Հ. Պողոսյանը:
Դատարանի 31.03.2020թ.-ի թիվ ԱՐԴ1/0002/06/20 որոշումը որևէ կերպ պատճառաբանված և հիմնավորված չէ: Այն բաղկացած է քննիչի առարկությունների տեքստից և ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի մի շարք որոշումների ծավալուն արտատպումներից: Իսկ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր ապացույցները մշտապես դուրս են մնում դատարանի ուշադրությունից և որևէ կերպ չեն գնահատվում: Ինչու մշտապես, քանի որ սա միակ որոշումը չէ, որ զուրկ է պատճառաբանական մասից, նույնաբովանդակ են նաև նույն գործով 06.01.2020թ.-ի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ և 02.03.2020թ.-ի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումները: Երեք որոշումներն էլ նույնաբովանդակ են, զուրկ որևէ հիմնավորումից և պատճառաբանվածությունից, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է դատական ակտի հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, և արձանագրել հետևյալը՝«...Անձին կալանավորելու վերաբերյալ դատական ակտը պետք է լինի պատճառաբանված, ինչպես նաև հիմնված լինի գործում առկա կոնկերտ փաստերի, ապացույցների և տեղեկությունների վրա: Այլ խոսքով՝ դատարանը պետք է կիրառի դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմնավորի, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը»: Դատարանի՝ երեք որոշումներն էլ հակասում են նշված դիրքորոշումներին, ուստի ստացվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներն ինքնանպատակ են, քանի որ տվյալ դեպքում դատարանը չի առաջնորդվել այդ դիրքորոշումներով, ցուցաբերել է կամայական և կողմնակալ մոտեցում, չի իրականացրել արդարադատություն և, ըստ էության, հանդես է գալիս որպես նախաքննությունն իրականացնող մարմնի միջնորդությունները կամ առարկությունները ուղղակի հաստատող մարմին, որպիսի պայմաններում մեղադրյալ Հրայր Պողոսյանը շուրջ 3 ամիս է, ինչ ապօրինի գտնվում է անազատության մեջ:
Հարկ է նշել, որ դատարանը նույնիսկ հաշվի չառավ Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ համավարակի համատեքստում 20.03.2020թ.-ի հրապարակած զեկույցը, որի 5-րդ կետով նշվել է, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանքեր, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար: Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության իրավիճակներում: Ավելին՝ իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն կալանավորման այլընտրանքային միջոցները, պատիժների կրճատումը, վաղաժամկետ ազատման և փորձաշրջանի սահմանման հնարավորությունները»:
Երկրում տիրող համաճարակի պայմաններում, մի դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ է գրավը թույլատրելի ճանաչում, մյուս դեպքում դատարանի համար նախաքննության մարմնի առարկությունը տառացի բառացի դրվում է մերժման որոշման հիմքում։ Թե ինչով է պայմանավորված դատարանների տարբեր մոտեցումներն այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ չափանիշների ընտրության հարցում, թողնում եմ ընթերցողի դատին:
Ի վերջո մեր դատարանները պետք է դուրս գան «եթե դատախազը կամ քննիչն է ասում, ուրեմն ճիշտ է ասում» կաղապարից և վերջապես իրականացնեն արդարադատություն՝ պահպանելով անաչառության և հավասարության սկզբունքները:
Комментариев нет:
Отправить комментарий