«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջնորդության հիման վրա ԴԱՀԿ-ն 1 մլն դրամի չափով արգելանք է դրել Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանին պատկանող գույքի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Իոաննիսյանը դատի էր տվել Յահյանին՝ պահանջելով պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ ներողություն խնդրել:
Պատճառը Յահյանի ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ Իոաննիսյանի լուսանկարին կից նա գրել էր՝ «տականք, բարոյազուրկ» եւ այլն: Իոաննիսյանը պահանջում էր ներողություն խնդրել եւ 1 մլն դրամ փոխհատուցում վճարել:
Իոաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի 1 մլն դրամի չափով արգելանք դրվի Յահյանին պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ արգելվի Յահյանին կամ այլ անձի նրա ֆեյսբուքյան օգտահաշիվը արգելափակել կամ սահմանափակել:
«Մենք դիմել էինք դատարան, քանի որ հնարավոր վճռի դեպքում պատասխանողը գուցե փորձեր խուսափել այն կատարելուց: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ ուղարկելով ԴԱՀԿ՝ կատարելու համար: Այսպիսով, Յահյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել 1 մլն դրամի չափով, ինչպես նաեւ նրան արգելել են սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը»,- ասաց Իոաննիսյանը:
Իոաննիսյանը նշեց, որ սա աննախադեպ դեպք է, երբ արգելվում է սահմանափակել կամ արգելափակել օգտահաշիվը: Այդպիսի միջնորդություն ներկայացնելու պատճառն այն է, որ եթե դատարանը վճռի, որ Յահյանը պետք է Իոաննիսյանից ներողություն խնդրի, հնարավոր է՝ նա հեռացնի իր բոլոր ընկերներին, որպեսզի ոչ ոք չտեսնի ներողությունը կամ սահմանափակի իր օգտահաշիվը:
Комментариев нет:
Отправить комментарий