Մամուլ. Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը
- 05.06.2020
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ: Ինչեւէ, Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ եւ արգասաբեր համագործացկության, ինչպես նաեւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»: Այս ոչինչ չասող տեքստը բազում հարցեր է առաջացնում: Մասնավորապես, արդյոք Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդ մասին ասել։ Սա շատ կարեւոր հանգամանք է՝ հաշվի առնելով նաեւ առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանի ձեւակերպումներից մեկը՝ կապված հեռացող պաշտոնյաների հետ: «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար», – նշել էր վարչապետը` թիմից հեռացող կադրերի մասին խոսելով: Հետաքրքիր է՝ Անանյանի հեռանալը անհանգստացնո՞ղ դեպքերից է, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով: «Որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է ուսումնասիրություն: Լայնածավալ ուսումնասիրություն է», – հավելեց նա: Արդյոք այս ստուգումներն ու հնարավոր բացահայտումները կարող էին աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Մեր տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։ Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, եւ կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաեւ Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերեւս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում չի բացառվում, որ նա եւս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նա մեզ ասաց, որ տեւական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա: Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչեւ ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, եւ դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին: Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միեւնույն ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երբեմնի ամենավստահելի պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար)»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 15 խորհրդականներից մեկն էր, մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, կետ 1): Նա անցնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողության ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու քրեական գործով: Ըստ որոշ տեղեկությունների, գույքը, որին խարդախությամբ տիրանալու մեջ մեղադրում են նախկին խորհրդականին, պատկանում է նրա կնոջը: Այս տեղեկատվությունն ունեինք դեռ մեկ ամիս առաջ: Երբ դիմեցինք նախկին վարչապետի նախկին խորհրդականին, նա պարզաբանումների փոխարեն մեզ կոպիտ պատասխանեց, ասելով, որ մեր տեղեկություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն, որ մենք ստեր ենք տարածում, որ նրանք, ովքեր մեզ տրամադրել են այս տեղեկությունները, մարդու բարի համբավն ու պատիվը ոտնահարելու նպատակ ունեն ու պատասխան են տալու ստեր տարածելու համար: Ապա գործարար Տերտերյանը պահանջեց, որ իրեն անհապաղ տրամադրենք աղբյուրը, որից նման տեղեկություններ ենք ստացել։ Աղբյուրը, իհարկե, չտրամադրեցինք, հոդվածն էլ չհրապարակեցինք՝ հավատալով նրան, բայց փորձեցինք ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել այդ գործի մասին: Պարզեցինք, որ Տերտերյանի կինն ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է եւ նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ ուղարկվել Քննչական կոմիտե, նախաքննություն կատարելու։ Որոշումն ընդունել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ավագ դատախազ Լ. Մարկոսյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահովված անձինք եւ պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։ Եվ այդ նախագիծն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երեկ Զեյնալյանը հայտարարեց, թե լրացուցիչ հաշվարկների եւ լրամշակումների կարիք կա, պետք է դեմ քվեարկել նախագծին, որն էլ հարուցեց ընդդիմադիրների դժգոհությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում: Ըստ մեր տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել եւ հետագայում ընդունել այն»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ: 14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանում հրապարակվել է առցանց խնդրագիր, որի հեղինակները կառավարությանը կոչ են անում օգնել կորոնավիրուսային ճգնաժամում գտնվող Հայաստանին և Վրաստանի բուժհաստատություններում ընդունել Հայաստանի հիվանդ քաղաքացիներին: Խնդրագրին արդեն միացել են Վրաստանի ավելի քան 11 հազար քաղաքացիներ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլեւ նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել: Մասնագետներն առաջիկայում կհրապարակեն ռեյտինգային սանդղակը, ինչից կախված էլ` ներքաղաքական զարգացումները կմտնեն որոշիչ` ակտիվ փուլ: Լավատեղյակները պնդում են, որ բուն զարգացումները կսկսվեն հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածում»:
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու մասին բարձրաձայնումները լրիվ քաոս են ստեղծել Նիկոլ Փաշինյանի շուրջը։ Եթե Հայաստանում մաքսանենգության փաստերը մնացին կուլիսներում, փորձեցին հնարավորինս արագ քողարկել դրանք, նույնը դժվար է ասել Ռուսաստանի պարագայում, որտեղ կալանվել էր մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ ՌԴ անվտանգության ծառայության հավաստի աղբյուրներն այս առումով ուշագրավ տեղեկություններ են փոխանցում։ Ռուսաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում է մաքսանենգ ծխախոտի գործը, եւ խոր ու համապարփակ քննություն է ընթանում։ Ըստ նույն աղբյուրի, այս գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են եւս 17 անձինք։ Մեր դիտարկմանը՝ եթե քննում են ու տեղյակ են մանրամասներին, ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնում, հակադարձեցին, թե ամեն ինչ իր ժամանակն ունի, երեխան էլ 9 ամսից շուտ չի ծնվում։ «ՌԴ-ի համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ գործընկեր պետություն, նաեւ ՀԱՊԿ անդամ երկիր, ինչը որոշակի տաբուներ է ենթադրում։ Եթե Փաշինյանը չգիտակցեց, թե ՀԱՊԿ քարտուղարի հանդեպ ինչ քայլ է անում ու ինչ վիճակի մեջ դնում դրանով ՌԴ-ին, դա նրա խնդիրն է»,- ասացին։ Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանից մարդ է գործուղվել ՌԴ, որպեսզի ծխախոտի գործը ծածկադմփոց անի՝ հարցրինք. մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, թե գնացել է, բայց չի կարողացել ոչինչ անել»:
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ իրավիճակում. պետական գերատեսչություններում շատ են վիրուսակիրները։ Մեր տեղեկություններով՝ նախարարություններ կան, որտեղ նույնիսկ ողջ բաժնով աշխատակիցները մեկուսացվել են, մյուսների գործն էլ բարդացել է։ Իհարկե, ոմանք նաև հեռավար են աշխատում, բայց աշխատանքի արդյունավետությունից դժգոհություններ կան։ Ինչպես ասում են, «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց»։ Իբր շատ էին կարողանում «էշը ցեխից հանել», հիմա էլ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելն է դարձել խնդրահարույց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ սյունյաց իրավապահները հետաքրքրված են Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի համայնքապետերով, որոշ հեղափոխական պաշտոնյաների կյանքը սրընթաց բարգավաճում է․ նրանք հավակնում են մարզում «տեր ու տիրակալի» կարգավիճակին։ Խոսքը Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մասին է, ով «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է եւ մարզային գրասենյակների աշխատանքն է համակարգում։ Մամուլը գրել է, որ հեղափոխությունից հետո այս երիտասարդ պաշտոնյայի կյանքի որակը շեշտակիորեն լավացել է՝ է՛լ թանկարժեք ավտոմեքենա, է՛լ բնակարան Կապանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում։ Կապանյան աղբյուրները պատմում են, որ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ իրավապահների ուշադրությունը հրավիրել է հենց փոխմարզպետը, այն բանից հետո, երբ դիմել է քաղաքապետարան, որպեսզի նոր գնած տան համար բաց պատշգամբ կառուցելու շինթույլտվություն ստանա, իսկ քաղաքապետը մերժել է։ Խոցված պաշտոնյան որոշել է վրեժ լուծել՝ հարկային մարմինները մտել են Կապանի քաղաքապետի հորը պատկանող օբյեկտներ։ Գեւորգ Փարսյանը հաստատեց շինթույլտվություն չտալու փաստը․ «Այո, իր հայրը մոտ երկու ամիս առաջ դիմել էր բաց պատշգամբ սարքելու հարցով, բայց մերժել ենք, որովհետեւ ես ընդհանրապես պատշգամբների կառուցում համայնքում թույլ չեմ տալիս։ Խնդիրն անձնավորված չէ, բոլորին է վերաբերում, որովհետեւ դա անմիջական կապ ունի շենքի սեյսմակայունության հետ, ինչպես նաեւ՝ ճարտարապետական տեսքի»։ Իսկ իր հոր օբյեկտներում ստուգումների մասին ասաց, թե դրանք կապ չունեն այդ մերժման հետ․ «Ստուգում եղել է, բայց հերթական ստուգումներն են եղել, պլանավորված, դրանք կապ չունեն այս ամենի հետ»։ Ինքը՝ Նարեկ Բաբայանը, մեր հարցին ի պատասխան ասաց․ «Շինթույլտվություններով համայնքն է զբաղվում․․․ դիմեք համայնքապետարան», իսկ ստուգումների մասին ասաց․ «Չեմ լսել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարան է ներկայացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի ընդունումը թույլ կտա կանխելու հովանավորչությունը պետական ոչ առևտրային կազմակերպություններում, երբ կազմակերպության ղեկավարը իր ղեկավարած հիմնարկում աշխատանքի է ընդունում ազգակցական կամ խնամիական կապերով իր հետ փոխկապակցված անձանց:
Որքան էլ իշխանության ներկայացուցիչները բանավոր հայտարարեն նման գործելաոճի անթույլատրելիության մասին, միայն օրենսդրական կարգավորման միջոցով հնարավոր կլինի կանխել նման գործելաոճը»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ») հեռարձակումը: Արցախի համապատասխան պատասխանատուները պնդում էին, որ խնդիրը տեխնիկական է, բայց թե երբ կլուծվի, չեն կարող ասել: Սակայն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերն այստեղ դիտավորություն էին տեսնում, մասնավորապես կապված «5-րդ ալիքի» հետ: Ուշագրավ է, որ, չնայած պաշտոնապես նշվում է «տեխնիկական պատճառների» մասին, իշխանության որոշ սատելիտներ ոգևորությամբ արձագանքեցին՝ գտնելով, որ Արցախում «հեղափոխությունը հաղթում է»: Այսինքն, ստացվում է, որ «հեղափոխության» հաղթանակը ասոցացվում է որևէ լրատվամիջոցի գործունեության կամ թեկուզ լոկալ տարածքում հեռարձակման դադարեցման հետ: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրները պնդում են, որ գործ ունենք հանրային տրամադրությունների ուսումնասիրման հետ, թե ինչպիսի արձագանք կտրվի, հետագայում առավել տոտալ միջոցների ձեռնարկման նպատակով, ընդ որում՝ ոչ միայն որևէ հեռուստաալիքի հեռարձակման արգելափակման առումով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հակված է այդ պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Բայց հունիսի կեսերին տեղի ունենալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե այն սխեմայով, որը կնպաստեր Արայիկ Հարությունյանի` հնարավոր ԵՊՀ ռեկտոր դառնալու ծրագրի իրականացմանը, այլ` հին սխեմայով։ «Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ համալսարանում լուրջ դիմադրություն կա իր՝ ռեկտոր դառնալու հետ կապված, հիմա փորձում են խորհուրդը ձեւավորել հին սկզբունքներով, այն է․ 25 տոկոսը՝ կառավարությունից, 25-ը` նախարարությունից, 25-ը` ուսանողներից, 25-ը` դասախոսներից, սակայն գլխին կդնեն իրենց ցանկալի մարդուն»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երեւանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը եւ Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն: Օրինակ՝ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ եւ այդպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը նշեց, թե բացակայել է առողջական խնդիրների պատճառով, իսկ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, թե ռեկտոր լինելու ընթացքում դժվարացել է համատեղել եւ անգամ հրաժարվել է ավագանու անդամներին տրվող փոխհատուցումից, որը նվազագույն աշխատավարձի չափով է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական օրենսգրքի նախագծից հետո կառավարությունը խորհրդարան է ուղարկել նաև Քրեադատավարական օրենսգրքի նախագիծը: Նախորդ նախագիծն ընդունվել էր 1998թ. և ուժի մեջ մեջ մտել 1999թ. հունվարից: Կառավարությունը նախընտրում է ոչ թե փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել է ամբողջովին նորը: Ըստ կառավարության՝ դրա պատճառը գործող օրենսգրքում առկա հակասություններն են: Մասնավորապես՝ հնից հրաժարվելու և նորը ընդունելու հիմնավորման մեջ ասվում է, որ միայն «Սահմանադրական դատարանը երկու տասնյակից ավելի որոշումներով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենսգրքի տարբեր նորմեր, որոնք վերաբերում են քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, պաշտպանի իրավունքներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունների քննությանը, բողոքարկման ժամկետներին և կարգին, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորություններին, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած անձրևառատ գարնանը՝ Արարատյան դաշտը ոռոգման ջրով սնող Ախուրյանի ջրամբարում այս տարի կուտակվել է 30 մլն խորանարդով ավելի պակաս ջուր, քան նախորդ տարի: Ախուրյանի ջրամբարը սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից, և ջուրն էլ կիսվում է երկու երկրների միջև: Սակայն նախորդ տարի Թուրքիայի տարածքով անցնող Կարս գետի վրա կառուցվել է ջրամբար, և ջուրը Ախուրյանի ջրամբար լցվելու փոխարեն, կուտակվում է Թուրքիայի տարածքում ու օգտագործվում միայն թուրքերի կողմից: Արարատյան դաշտը էկոլոգիական և տնտեսական աղետից փրկելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն համարժեք քայլերի, որոնք, ըստ մասնագետների, գոյություն ունեն»
Комментариев нет:
Отправить комментарий